Երեւանի Մյասնիկյանի արձանի մոտ այսօր՝ մարտի 1-ին, առավոտից ծաղիկներ են դնում քաղաքական գործիչները եւ քաղաքացիներ՝ հարգելով 8 տարի առաջ զոհված 10 քաղաքացիների հիշատակը:
Մյասնիկյանի արձանի մոտ են այցելել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանը, Վահան Բաբայանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը: Այցելել են նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամներ Լյուդմիլա Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանը, Անուշ Սեդրակյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:
Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան: Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:












