Բասկերի ազգայնական «Բատասունա» կուսակցության նախկին առաջնորդներից Առնալդո Օտեգին 6.5 տարվա բանտարկությունից հետո ազատ է արձակվել:

Լոգրոնյո քաղաքի բանտի դարպասների մոտ նրան ավելի քան 200 մարդ է դիմավորել՝ ընկերներ, հարազատներ, լրագրողներ: 57-ամյա Օտեգիին ազատ արձակվելու առիթով շնորհավորելու են եկել նաեւ ազգայնական տարբեր կուսակցությունների անդամներ: Այս մասին հաղորդում է Euronews-ը:

«Կան մարդիկ, ովքեր ասում են, որ Իսպանիայում քաղբանտարկյալներ չկան, բայց բավական է դիտել այստեղ գտնվող բոլոր հեռուստախցիկների ձայնագրությունները՝ հասկանալու համար, նրանք գոյություն ունեն: 6.5 տարի առաջ մեզ ձերբակալեցին այն բանի համար, որ մենք խաղաղություն ցանկացանք»,- հավաքվածների առջեւ ելույթում հայտարարել է Առնալդո Օտեգին:

Ընդհանուր առմամբ, Օտեգին հինգ անգամ է բանտում եղել: Վերջին անգամ նրան ձերբակալել են 2009 թվականին, «Բատասունա»-ն վերստեղծելու փորձի համար:

Իսպանիայում «Բատասունա» կուսակցությունը համարվում է «ԷՏԱ»-ի քաղաքական թեւը: