ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի, ավելի ճիշտ՝ նրան ձայնի իրավունքից զրկելու մասին՝ մինչև անդամավճարների վճարումը։ Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ՝ դրա կոնկրետ հոդվածով։ Այնպես որ, հնարավոր է նաև նման ելք, բայց դա կախված է նախագահի որոշումից», - ասել է նա։
Պանկինը հիշեցրել է, որ ՌԴ-ն նախագահում է ՀԱՊԿ-ում և պատասխանատվություն է կրում ողջ օրակարգի համար։ «Կկայանա ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին նախորդելու է արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների եռակողմ հանդիպումը։ Հայաստանի հարցը գուցե ամենագլխավորը չէ, բայց հանրության համար կարող է ամենահետաքրքիրը լինել, քանի որ ՀԱՊԿ-ի գործունեության հիմքում համագործակցությունն է, համատեղ խնդիրներն ու նպատակները», - նշել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այդ հարցը քննարկվելու է հաջորդ շաբաթվա միջոցառումների ընթացքում՝ Պանկինը նշել է․ «Հավանաբար՝ այո, այն կարող է քննարկվել, բայց ամեն ինչ կախված է նրանից՝ մյուս բոլորը կհամաձայնե՞ն այն քննարկել, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ կքննարկվի»։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կանցկացվի նոյեմբերի 11-ին Մոսկվայում։





























