Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առաջնային նշանակություն ունի Եվրամիության համար: Այս մասին Երեւանում կայացած ճեպազրույցում հայտարարեց ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Նրա խոսքով, ստատուս-քվոն չի կարող պահպանվել, ինչպես նաեւ չի կարող ռազմական լուծում լինել: ԵՄ ներկայացուցիչն ընդգծեց խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքին համապատասխան եւ Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Միաժամանակ, Ֆեդերիկա Մոգերինին նշեց բարձր մակարդակով երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը:

«Հարկավոր է նվազեցնել ինտենսիվ լարվածությունը, միաժամանակ խուսափել ռազմատենչ հռետորաբանությունից եւ բռնության աճից, որոնք վնասում են խաղաղ գործընթացին»,- հայտարարեց Ֆեդերիկա Մոգերինին:

Նա նշեց, որ ԵՄ-ն սատարում է հետաքննությունների մեխանիզմի ստեղծման նախաձեռնությունը: Հանձնակատարի խոսքով, ԵՄ-ն նաեւ պատրաստ է աջակցել մարդկանց միջեւ անձնական կապերի հաստատմանը: