Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում շարունակվող պատարագից հետո լինելու է հայկական երգ ու պար։ Այդ մասին հայտնել է Ստամբուլի հայկական «Մարալ» երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավարը: Վերջինս նշել է, որ խմբի պարողները շատ ուրախ են, որ առաջին անգամ գտնվում են Աղթամարում եւ մասնակցում պատարագին: «Մեզ համար սա երազի պես բան է»,- ասել է նա։
Նշենք, որ Ստամբուլի «Մարալ» երգի-պարի անսամբլը կազմված է 150 հոգուց:
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի է ունենում պատարագ, որին մասնակցում է միայն Պոլսո Հայոց պատրիարքարանը: Հոգեւոր մյուս կենտրոնները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Երուսաղեմի պատրիարքարանն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրաժարվել են մասնակցել միջոցառմանը: Պատճառը եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու հանգամանքն է:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Հայաստանից պատարագին մասնակցում է մոտ 200 մարդ: Ընդամենը Աղթամար կղզում գտնվում է մինչեւ 2000 մարդ, որոնցից միայն 55-ին է հաջողվել մտնել եկեղեցի ու դիտել պատարագը: Մյուսները պատարագը դիտում են դրսում դրված մոնիտորների օգնությամբ:





























