NEWS.am-ը ներկայացնում է մարտի 7-ի գլխավոր լուրերը՝ համառոտ:
Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի լսումները կմեկնարկեն հաջորդ շաբաթ: ՀԱԿ-ը հրապարակել է իր առաջարկների հինգ կետանոց փաթեթը, որի շուրջ կոչ է արել համախմբվել բոլոր ընդդիմադիր ուժերին: Խորհրդարանական գործընկերները դեռ չեն շտապում միանալ ՀԱԿ-ի այս նախաձեռնությանը: Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ «Ժառանգությունը» որեւէ պլատֆորմի միանալու ցանկություն ու կարիք չունի, ԲՀԿ-ն դեռ վերջնական դիրքորոշում չունի, ՕԵԿ-ը՝ նույնպես, թեւ նրանց առաջարկներից գլխավորը՝ քվեարկածների ցուցակների հրապարակումը, առկա է նաեւ ՀԱԿ-ի փաթեթում:
Փրկարարները կիրակի ինքնասպանության փորձ են կանխել Երեւանում: Հոգեպես անհավասարակշիռ տղամարդը բարձրացել է Ֆրունզե փողոցի եռահարկ շենքերից մեկի տանիքն ու սպառնացել ցած նետվել: 31-ամյա տղամարդուն պատգարակով իջեցրել են տանիքից, տեղափոխել ոստիկանություն, ապա հոգեբուժարան:
Մեկ այլ ողբերգություն էլ ոստիկաններն են կանխել Ազատության հրապարակում: Տղամարդը ալկոհոլի ազդեցության տակ փորձել է բենզինը վրան լցնել ու ինքնահրկիզվել: Չորս երեխաների հայրը պատմել է, որ այդ քայլին գնացել է, քանի որ տանտերը պահանջել էր ազատել վարձակալած բնակարանը: Նրան նույնպես տեղափոխել են հոգեբուժարան:
Վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում. մարմնական վնասվածքներ ստացած կնոջը ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Պարզվել է, որ վրաերթ կատարողը Եղվարդի քաղաքապետի որդին է՝ Խաչիկ Սարգսյանը, որն աշխատում է Ֆինանսների նախարարությունում: Նա իր ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել է հիվանդանոց, որտեղից էլ ներկայացել է ոստիկանություն:
Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակի մասին հակասական տեղեկություններ են տարածվում: Բժիշկներն ասում են՝ մարտի 6-ին հոսպիտալացված 81-ամյա դերասանի վիճակը միջին ծանրության է, նրան վերակենդանացման բաժնից տեղափոխել են հիվանդասենյակ: Ավելի վաղ տարածված տեղեկությունը, թե դերասանը ինֆարկտ է ստացել, հարազատները համառորեն հերքում են:
Թուրքիայում ոստիկանները մարտի 8-ի առթիվ կանանց հուզել են արտասվելու աստիճանի: Իրենց իրավունքների պաշտպանության պահանջով երթի դուրս եկած կանայք տուն են վերադարձել կապտուկներով ու արցունքներով: Ոստիկանները երթը ցրել էին ռետինե փամփուշտների ու արցունքաբեր գազի միջոցով։
Հայաստանի աշխատանքային շուկան խտրական է կանանց հանդեպ: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետազոտությունը ցույց է տվել, որ մեր երկրում բարձր աշխատավարձով գործերը բաժին են հասնում տղամարդկանց, կանայք զբաղեցնում են ստորին օղակի, իսկ տղամարդիկ՝ որոշումներ կայացնող պաշտոնները: ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով՝ սրա պատճառը հայ տղամարդկանց կարծրատիպերն են: Նրանք կարծում են, թե կանայք պակաս կրթված եւ փորձառու են:
Վանաձորում ծնված եռյակ եղբայրները երկու շաբաթ անց հիվանդանոցից դուրս են գրվել: Երեխաների առողջական վիճակի հետ կապված մտահոգություն ծնողներն այլեւս չունեն, հիմա նրանք անհանգստանում են՝ ինչպես են մեծացնելու եռյակին: Երիտասարդ ամուսինները եռյակի ծնունդով վեց զավակի ծնողներ են դարձել: Հանրակացարանում քաղաքապետարանի տրամադրած սենյակում ամեն տեղից փչում է, վերանորոգման համար գումար չունեն, հոր աշխատածը նույնիսկ սննդին չի հերիքում: Բայց Ավալյաններն այսօր երջանիկ կլինեին, եթե գոնե լվացքի մեքենա ունենային:
Ռոբերտ Արզումանյանն այլեւս հանդես չի գա Հայաստանի ազգային հավաքականում: NEWS.am-ի հետ զրույցում Կարագանդայի «Շախտյորի» պաշտպանն ասել է, որ պատճառը Ռուբեն Հայրապետյանի հետ հավաքականի անդամների լարվածությունն է: Ֆեդերացիայի նախագահը կասկած էր հայտնել, թե հավաքականի անդամներից ոմանք վաճառել էին Հայաստան-Ալբանիա խաղը:
Մարտի 7-ին հայաստանյան բանկերը դոլարը գնել են միջինը 489 դրամով, վաճառել 493 դրամով: Եվրոյի առքը կազմում է 532, վաճառքը՝ 542 դրամ, ֆունտի առքը՝ 686, վաճառքը՝ 702 դրամ: Ռուբլու առքը միջինը 6,63 դրամ է, վաճառքը 6,9 է։
Հայաստանի տարածքում և մայրաքաղաքում մարտի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս գիշեր Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +7-ի, իսկ վաղը ցերեկը՝ +17-ի:











