Հայաստանի ԱԳՆ-ն պետք է բացատրություններ պահանջի Իրանի խորհրդարանական հարցերով փոխնախագահ Սեյիդ Մոհամեդ Ռեզա Միրթաջադինիի  ադրբեջանամետ հայտարարությունների կապակցությամբ, որը հնչել է «Ադրբեջանի Հանրապետություն. Նախկին փորձ եւ սպասվելիք հեռանկարներ» իրանա-ադրբեջանական գիտաժողովում, թե Իրանն ի սկզբանե աջակցել, աջակցում եւ աջակցելու է Ադրբեջանին ղարաբաղյան հարցում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Թեհրանի բացատրությունները հատկապես կարեւոր են, քանի որ Հայաստանը Իրանին միշտ բարեկամական երկիր է համարել, իսկ Իրանն, իր հերթին, միշտ հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերել ղարաբաղյան հարցում»,- նկատել է Զոհրաբյանը: «Վերջին շրջանում Իրանի բարձրաստիճան դեմքերի շատ հայտարարություններ բուռն արձագանքի են արժանանում, մեկ հերքվում, մեկ հաստատվում են»,- նշել է պատգամավորը՝ ակնարկելով Իրանի մեկ այլ փոխնախագահի հայտարարոթյունը, թե 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ուենցածը ցեղասպանություն էր: «Ուստի չի բացառվում, որ փոխնախագահի վերջին ադրբեջանամետ հայտարարությունն այդ շարքից էր»,- ասել է պատգամավորը: