Իրանի իշխանությունները պետք է հստակություն մտցնեն ԼՂ խնդրի հետ կապված իրենց դիրքորոշումներում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն՝ անդրադառնալով ԼՂ վերաբերյալ Իրանի խորհրդարանական հարցերով փոխնախագահ Սեյիդ Մոհամեդ Ռեզա Միրտաջադի հայտարարությանը: «Իրանական հետուստաընկերություններից մեկի հաղորդմամբ, Իրանի փոխնախագահը հայտնել է, թե ԼՂ-ն մաս է կազմում Ադրբեջանին եւ մենք պաշտպանում ենք Ադրբեջանի իրավունքը: Ուստի՝ Իրանի իշխանությունները պետք է հստակություն մտցնեն, թե արդյոք, սա՞ է իրենց դիրքորոշումը ԼՂ հակամարտության վերաբերյալ»,-ասաց Մանոյանը: Ըստ նրա՝ վերջին շրջանում Իրանի առաջին դեմքերը հայտարարություններ են անում, որոնք հետո հերքվում են կամ մեղմացվում: «Արդեն սովորական բան է դարձել: Դա պետք է վերագրել Իրանի քաղաքական մշակույթին, եւ դիտել որպես ավելի քան հատուկ ծրագրված քայլ»,-ասաց դաշնակցական գործիչը: Ըստ նրա՝ վերջին շրջանում Իրանի կողմից հաճախ են հնչում ադրբեջանանպաստ հայտարարություններ, որոնց միջոցով Իրանը նպատակ ունի կարգավորել իր հարաբերություները Ադրբեջանի հետ:
Մանոյանը հույս հայտնեց, որ թե Հայաստանի, թե ԼՂՀ իշխանությունները պահանջ կառաջադրեն Իրանին՝ որոշակիացնել իր հայտարարությունները:
Հիշեցնենք, որ Իրանի փոխնախագահը Թեհրանում, ելույթ ունենալով «Ադրբեջանի Հանրապետություն. Անցած փորձը եւ սպասվող հեռանկարներ» խորագրով իրանա-ադրբեջանական խորհրդաժողովում, հայտարարել էր, որ Իրանն ի սկզբանե աջակցել եւ այսուհետ էլ աջակցելու է Ադրբեջանին ղարաբաղյան հարցում։




























