Չինաստանի առաջին փոխվարչապետ Լի Կեցյանն այսօր` սեպտեմբերի 20-ին, Պեկինում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել հայ չինական հարաբերությունների ներկա մակարդակը: Նա հույս է հայտնել, որ ՀՀ կառավարության ղեկավարի այս այցը Չինաստան կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

ՀՀ վարչապետն իր հերթին, նշել է, որ տնտեսական ոլորտում կա երկկողմ համագործակցության մեծ ներուժ եւ հույս հայտնել, որ առաջիկայում երկկողմ կապերը կխորանան եւ նոր զարգացումներ կստանան: Նա նշել է, որ տնտեսական ոլորտում կան համագործակցության լավ օրինակներ, ինչպիսին է` «Շանսի-Նաիրիտ սինթետիկ կաուչուկների» համատեղ ձեռնարկությունը: Տիգրան Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ նման օրինակները շատ լինեն: Մասնավորապես, նա ընդգծել է բազալտի վերամշակման համատեղ գործարանի ստեղծման հեռանկարը` տեղեկացնելով, որ փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքներով այս առումով Հայաստանում առկա է բարձր որակի հումք:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի ազգային կենտրոնում շահագործվելու է արագացուցիչ եւ այս ծրագիրը նախատեսվում է դարձնել միջազգային նախագիծ: ՀՀ վարչապետը ՉԺՀ առաջին փոխվարչապետին ասել է, որ չինական կողմին է փոխանցվել առաջարկությունների փաթեթ, որոնք, մասնավորապես,  ներառում են գյուղատնտեսության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: Ըստ նրա, դրանք իրենցից ներկայացնում են իրականանալի նախագծեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ տրանսպորտային ոլորտում համագործակցությանը, մասնավորապես, երկաթուղային տրանսպորտի բնագավառում:

Կողմերն ընդգծել են, որ երկկողմ համագործակցության խորացմանը մեծապես կնպաստի Չինաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը:

Չինաստանի առաջին փոխվարչապետ Լի Կեցյանն ասել է, որ բոլոր ոլորտներում, թե՛ քաղաքական եւ թե՛  հումանիտար, առկա է սերտ համագործակցություն եւ չինական կողմը պատրաստ է խորացնելու դրանք: Նա հույս է հայտնել, որ առաջիկա համատեղ աշխատանքի շնորհիվ հայ-չինական երկկողմ հարաբարությունները կբարձրանան նոր մակարդակի: ՉԺՀ փոխվարչապետը տեղեկացրել է, որ չինական համապատասխան գերատեսչություններին եւ ստորաբաժանումներին առաջադրանք կտրվի ուսումասիրելու ներկայացված նախագծերը, որոնց իրականացումը տնտեսական նոր կապերի խթան կհանդիսանան:

ՉԺՀ փոխվարչապետը ՀՀ կառավարության ղեկավարին շնորհավորել է նաեւ Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ: