Հայաստանը պետք է շահավետ ճանապարհներ գտնի, որպեսզի տարանցիկ երկիր դառնա իրանական գազը Վրաստան հասցնելու համար։ Այս մասին մարտի 10-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է Տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս իրանական կողմի հետ բանակցություններ են ընթանում։ «Հարցը բանակցությունների առարկա է մնում։ Հայաստանի տարածքով գազի տարանցիկ ճանապարհը քննարկվում է»,- նշել է Այվազյանը։ Անդրադառնալով Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ գազի մատակարարումների մասին նոր պայմանագրին՝ պատգամավորը նշել է, որ այստեղ վճռորոշ դեր է խաղացել աշխարհաքաղաքական տարրը։
Նշենք, որ մարտի 4-ին Թբիլիսիում Վրաստանի եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության միջեւ պայմանագիր էր կնքվել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմը 500 մլն խ/մ-ով մեծացնում է գազի մատակարարումները Վրաստան եւ նվազեցնում է կոմերցիոն գազի գինը։




























