Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կտրուկ կերպով դատապարտել է իրանական մամուլում վիրավորական արտահայտությունները` Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունիի հասցեին, հաղորդում է ֆրանսիական Europe1 ռադիոկայանը:

Ահմադինեժադը Կարլա Բրունիի հասցեին արված վիրավորական արտահայտությունները համարել է հանցագործություն, որը հակասում է իսլամի սկզբունքներին: «Եթե գոյություն ունի արդարադատություն, ապա նման արտահայտությունների հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է նա:

Նշենք, որ այս տարվա օգոստոսին իրանական «Կայհան» թերթը Բրունիին անվանել է անբարոյական, այն բանից հետո, երբ Ֆրանսիայի առաջին տիկինը քննադատել էր Իրանի իշխանություններին` իրանցի կնոջը դավաճանության համար քարկոծման եղանակով մահապատժի ենթարկելու համար:

Իրանի ԱԳՆ-ն դիմել է իր երկրի լրատվամիջոցներին եւ կոչ արել վիրավորական եւ արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ թույլ չտալ արտասահմանցի պաշտոնյաների հասցեին: Այդուհանդերձ, «Կայհանը» ոչ միայն ներողություն չէր խնդրել իր հրապարակումների համար, այլեւ յուղ է լցրել կրակի վրա, մեղադրելով Բրունիին կեղծավորության մեջ, անվանելով նրան «շրջազգեստով Դոն Ժուան» եւ պահանջելով նրա մահը, հաղորդում է BBC-ն: