Իրանական մանրանկարչական արվեստը մեծ ժողովրդականություն է վայելում: Այդ մասին Թեհրանի Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Մաջիդ Մոլա Նորուզին հայտնել է մարտի 10-ին մամուլի ասուլիսին, որը կազմակերպվել էր Երեւանում բացված «Իրանական մանրանկարչություն» ցուցահանդեսի առիթով:
Նրա խոսքով, այդ արվեստի շնորհիվ հնարավոր է ծանոթանալ իրանական գրականությանը եւ մշակույթին: «Իրանի մանրանկարչական արվեստն այդ ամենի ամբողջությունն է: Մենք վստահ ենք, որ նման ցուցահանդեսները հանգեցնում են երկխոսության, որն իր հերթին նպաստում է քաղաքական երկխոսության: Հաշվի առնելով Հայաստանի եւ Իրանի միջեւ բազմաթիվ ընդհանրությունները, պիտի ասեմ, որ մենք ինչ-որ առումով ուշացել ենք այս համագործակցության մեջ», -նկատել է Մաջիդ Մոլա Նորուզին: Երկու ժողովուրդը, շարունակել է նա, պիտի ծանոթանան երկու երկրում արվեստի ստեղծագործություններին: «Հույս ունեմ, որ հայ նկարիչները եւս կներկայացվեն Իրանում», - հավելել է Թեհրանի Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենը:





























