Մոտ ժամանակներս Հայաստանի եւ Իրանի բեռնափոխադրողները փորձնական ռեժիմով Իրանից 2 կոնտեյներ բեռ կուղարկեն Եվրոպա: Այս մասին  NEWS.am-ի թղթակցին հայտնել է ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:

Նա հիշեցրել է, որ այդ մասին համաձայնությունը ձեռք էր բերվել հունվարին՝ տարնսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ:

Այդ փորձնական առաքումից հետո իրանական եւ հայկական բիզնեսը կհասկանա, թե ինչ պայմաններում է հնարավոր Հայաստանի տարածքով ավելի արագ եւ շահավետ բեռներ փոխադրել Իրանից Եվրոպա:

«Այս պահին հայաստանցի եւ իրանցի փոխադրողները եզրափակիչ կազմակերպչական փուլում են: Շուտով այդ 2 կոնտեյներները կճանապարհվեն»,- ասել է Առաքելյանը:

Հիշեցնենք, որ տարանցիկ միջանցքի ամրապնդման  համար Հայաստանում կառուցվում է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին եւ պլանավորվում է Ւրան-Հայաստան երկաթուղին: