Հայաստանն ու Իրանը կարող են համագործակցել բազմաթիվ, այդ թվում քաղաքացիական ավիացիայի եւ ՏՏ ոլորտներում: Այս մասին, օրերս Թեհրանի նահանգապետ Սեյեդ Հոսեյն Հաշեմիի հետ հանդիպման ժամանակ նշել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Թումանյանը կարեւորել է երկու երկրների նահանգների եւ մարզերի միջեւ կապերը եւ պատրաստակամություն հայտնել աջակցել Թեհրանի նահանգի հետ հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպմանը դեսպան Թումանյանն անդրադարձել է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին եւ որպես օրինակ ընդգծեց քաղաքացիական ավիացիայի բնագավառը: Խոսվել է նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տնտեսական մի շարք այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունների մասին:
Թեհրանի նահանգապետը նշել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո բարենպաստ պայմաններ են ստեղծվել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Այդ համատեքստում նահանգապետը տեղեկացրել է նաեւ, որ Թեհրանի «Էմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանի շրջակայքում կառուցվում են նոր ազատ տնտեսական եւ արդյունաբերական գոտիներ, եւ նշեց, որ այս նոր ազատ գոտիներն օտարերկրյա ներդրողների համար լավագույն վայր կարող են հանդիսանալ:
Նահանգապետը կարեւորել է նաեւ զբոսաշրջության զարգացումը, մշակութային կապերի ընդլայնումը, ցուցահանդեսների կազմակերպումը եւ համագործակցության այլ ծրագրերի իրականացումը:





























