ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը 392 կողմ եւ 3 դեմ ձայնով կողմ է քվեարկել բանաձեւին, որը Սպիտակ տանը կոչ է անում ՄԱԿ Անվտանգության խորհրդից պահանջել անհապաղ Սիրիայի ռազմական հանցագործությունների տրիբունալ ստեղծել, որի դատին կհանձնվեն միջազգային իրավունքի խախտումներն եւ մարդկության դեմ գործած հանցագործությունները, հաղորդում է Channelnewsasia-ն:
«Այն, ինչ կատարվում է Իրաքում եւ Սիրիայում, էթնիկ փոքրամասնությունների կանխամտածված, համակարգային թիրախավորում է»,- ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը։
Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 393 կողմ եւ 0 դեմ ձայնով միաձայն դատապարտել էր «Իսլամական պետության» կողմից Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի, ասորիների, ազգային փոքրամասնությունների՝ եզդիների եւ այլ կրոնական փոքրամասնությունների դեմ հանցագործությունները՝ դրանք ցեղասպանություն որակելով եւ ընդունելով համար 75 բանաձեւը։
Կոնգրեսը Պետքարտուղարությանը մինչեւ մարտի 17-ը ժամանակ է տվել որոշելու, թե արդյոք անհրաժեշտ է ցեղասպանության համապարփակ սահմանում տալ։
Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին իր հերթին նշել է, որ պետքարտուղար Ջոն Քերրին շուտով դրան հստակ սահմանում կտա։





























