Հայաստանի եւ Իրանի միջեւ արդյունավետ փոխգործակցություն է ծավալվել ոչխարաբուծության եւ ոչխարի մսի արտահանման ոլորտում: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, Երեւանում, Իրանի Գիլանի նահանգապետ Մոհամմադալի Նաջաֆիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում գտնվում են բարձր մակարդակի վրա, մեր երկրում գործում են բազմաթիվ իրանական եւ համատեղ ընկերություններ, արդյունավետ փոխգործակցություն է ծավալվել մասնավորապես ոչխարաբուծության եւ ոչխարի մսի արտահանման ոլորտում. մեր երկրում վերջին շրջանում բացվել են մի քանի սպանդանոցներ, որտեղ մորթն իրականացվում է «հալալ» կանոնների համաձայն: Սակայն երկու երկրների միջեւ համագործակցության ողջ ներուժը դեռեւս ամբողջովին չի օգտագործվում, եւ այս առումով հարկավոր է ձեռնարկել համապատասխան միջոցներ», - ողջունելով հյուրերին` նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Ընդգծելով, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն ու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը նպաստավոր պայմաններ են ստեղծել տարբեր ոլորտներում, այդ թվում` նաեւ գյուղատնտեսության բնագավառում կապերի խորացման ու ընդլայնման համար` նախարարը մատնանշել է այն ոլորտները, որոնցում կարելի է ծավալել հաջող եւ արդյունավետ համագործակցություն: Այս համատեքստում նախարարը նշել է մասնավորապես անասնապահության, ջերմոցային տնտեսությունների զարգացման, վերամշակման եւ ձկնաբուծության ճյուղերը, այդ թվում` հատուկ կարեւորել է Հայաստանում խեցգետնի արտադրության կազմակերպումը` արտադրանքը տեղում իրացնելու եւ ԵՏՄ մյուս երկրներ արտահանելու հեռանկարով: Իրանական կողմն առաջարկել է քննարկել նաեւ շերամաբուծության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հարցը: Նախարար Սերգո Կարապետյանն իր հերթին առաջարկել է համատեղ ուսումնասիրել առաջարկությունն իրագործելու հնարավորությունները:
Համառոտ ներկայացնելով Գիլան նահանգի գյուղատնտեսության ներկա վիճակը` Մոհամմադալի Նաջաֆին իր հերթին շեշտել է, որ այն առանձնանում է հատկապես բարձրակարգ բրնձի, թեյի, ձիթապտղի եւ ձկնաբուծական արտադրանքով: Համոզմունք հայտնելով, որ այդ արտադրանքը կարող է մեծ պահանջարկ ունենալ ԵՏՄ շուկայում` նահանգապետը նշել է, որ Հայաստանը կարող է հարմար հարթակ հանդիսանալ արտահանումների կազմակերպման համար:
Երկկողմ համագործակցությունն ավելի շոշափելի դարձնելու նպատակով նահանգապետը առաջարկել է նաեւ ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի ագրարային ոլորտում երկկողմ համագործակցության հնարավոր ուղիները: Ողջունելով այդ առաջարկը` նախարարը համոզմունք է հայտնել, որ Գիլանի նահանգի եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կապը կդրվի առավել ամուր հիմքերի վրա եւ կլինի փոխշահավետ ու արգասաբեր:
Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրել է դեսպանին իր իրանցի գործընկերոջը փոխանցել Հայաստան այցելելու հրավերը:





























