Թբիլիսիի վերաքննիչ դատարանն այսօր` սեպտեմբերի 21-ին ուժի մեջ է թողել քաղաքային դատարանի` Վրաստանի առաջին նախագահ Զվիդ Գամսախուրդիայի որդի Ցոտնե Գամսախուրդիայի դեմ կայացրած դատավճիռը: Նա դատապարտվել է 9,5 տարվա բանտարկության: Այս մասին հայտարարել է նրա պաշտպան Կետի Բեկաուրին:

Նշենք, որ Գամսախուրդիան ձերբակալվել է 2009-ի աշնանը դիտավորյալ սպանության եւ անօրինականորեն զենք կրելու եւ պահելու մեղադրանքներով: 2010-ի ապրիլի 8-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան դատապատել է 9,5 տարվա ազատազրկման: Ցոտնե Գամսախուրդիան իրեն մեղավոր չի ճանաչում:

Բեկուրիայի խոսքով, վերաքննիչ դատարանի որոշումը վիճարկելու են Վրաստանի Գերագույն դատարանում: Նա չի բացառել, որ, եթե Գերագույն դատարանի վճիռը նույնպես չբավարարի նախկին նախագահի որդուն, նա կդիմի Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: