Ավստրալիայում մերկ հեծանվորդների արշավ է տեղի ունեցել, գրում է New York Post-ը: Մոտ 160 մարդ հեծանիվ է քշել Նոր Հարավային Ուելս նահանգի Նամբին գյուղում` հանրության ուշադրությունը հրավիրելու հեծանվորդների, որպես ճանապարհային երթեւեկության մասնակիցների անվտանգության խնդիրների վրա:
Ավստրալիայից բացի, նման ակցիաներ տեղի են ունենում նաեւ այլ երկրներում: Դրանց մասնակիցները ջանում են ցույց տալ, թե այս փոխադրամիջոցը որքան խնայողական է եւ օգտակար առողջության համար: Հեծանվով մերկ մարդկանց հնարավոր է տեսնել Փարիզում, Մադրիդում, Բարսելոնում, Վանկուվերում, Լոնդոնում: Առաջին անգամ նման ակցիաներ տեղի են ունեցել 2004-ին` Կանադայում եւ Իսպանիայում, հայտնում է Lenta-ն:
Գաղափարը պատկանում է կանադացի ակտիվիստ Քոնրադ Շմիդտին: Առաջին հեծանվային արշավը տեղի է ունեցել ի նշան բողոքի Իրաքի պատերազմի դեմ, սակայն շուտով քաղաքական կարգախոսներին փոխարինելու եկան բնապահպանական կոչերը:
Մասնակիցների դրեսս-կոդում ողջունվում է լիակատար մերկությունը, բայց այդ պահանջը պարտադիր չէ: Բացի այդ, ինքնարտահայտման ընդհանուր ձեւ է համարվում բոդի արթը, ինչպես նաեւ սեփական ձեռքով զարդարված հագուստը, հեծանիվները, բումբոքսները, որսորդական փողերը, բարձրախոսները, շչակները եւ երաժշտական գործիքները, որ մասնակիցները վերցնում են իրենց հետ:




























