Իշխանությունը պատրաստ է առաջարկվող «4+4+4» ձեւաչափով (իշխանության 4 ներկայացուցիչ, ընդդիմության 4 ներկայացուցիչ եւ քաղաքացիական հասարակության 4 ներկայացուցիչ) քննարկել ցանկացած հարց։ Այս մասին մարտի 18-ին՝ խորհրդարանում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ լսումների ժամանակ, ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը։
Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի առաջարկին՝ Հարությունյանը չի բացառել նաեւ այլ ձեւաչափերով քննարկումը։
Պատասխանելով հարցին, թե ինչ կփոխվի այդ ձեւաչափով քննարկումներ անցկացնելու դեպքում, եւ իշխանությունը զիջումների կգնա՞ արդյոք, նա նշել է. «Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց, եւ եթե առաջարկվում է ձեւաչափ, որը հնարավորություն է տալիս ձեւավորել ավելի լայն կոնսենսուս եւ ավելի ներկայացուցչական է, մենք իհարկե պատրաստ ենք աշխատել նաեւ այդ ձեւաչափով»։





























