Orange Armenia-ի ծառայությունները հասանելի կլինեն Ucom բրենդով: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
«2009 թվականին մտնելով Հայաստանի բջջային կապի շուկա, Orange Armenia-ն մեծ ներդրում է ունեցել Հայաստանում 3G կապի տարածման հարցում: Իր հերթին, մենք հետագա տարիներին ձեռնամուխ ենք եղել LTE կապի կառուցմանը, սկզբում սեփական բազայով, ապա նաեւ Orange Armenia-ի բազայով: Հիմա մեզ համար ամենակարեւորն է պահպանել ու բարձրացնել եւ Ucom-ի, եւ Orange-ի նախկին ծառայությունենրի որակը, ինչպես նաեւ զանազանություն մտցնել դրանցում»,-ասել է Եսայանը՝ հավելելով, որ Ucom-ը կդառնա Orange Armenia-ի լիիրավ իրավահաջորդը, այսինքն կպահպանի բոլոր պարտավորություններ Orange-ի հաճախորդների նկատմամբ:
Ucom-ի մարքեթինգի եւ հաղորդակցության հարցերով տնօրեն Տիգրան Սաֆարյանը նշել է, որ Ucom բրենդը կպահպանվի գրեթե առանց փոփոխությունների: «Այդուհանդերձ, մենք նոր ընկերություններ ենք պատրաստում, որոնց մասին կտեղեկացնենք մեր հաճախորդներին նոր ապրանքների ու ծառայությունների մասին: Մենք հայկական ընկերություն ենք, բայց մեր ծառայություններն արդեն համապատասխանում են միջազգային մակարդակին, եւ մենք կշարունակենք զարգացնել այդ միտումը»,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ 2015-ի հուլիսի 22-ին Orange Armenia-ն (ֆրանսիական Orange հեռահաղորդակցային խմբի մի մաս) հայտարարել է հայկական շուկայից հեռանալու մասին: Որպես պատճառ ընկերությունը նշել է հեռանկարի բացակայությունը: Եկամուտների ներկա մակարդակի պայմաններում ընկերությունը չէր տեսնում տեխնոլոգիական զարգացման հնարավորություններ: Ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք է բերել հայկական Ucom ընկերությունը:





























