Հայաստանում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ լայն հասարակական եւ քաղաքական կոնսենսուս է ստեղծվում, մնում է, որ իշխանություններն ընդունեն այն։ Այս մասին մարտի 22-ին՝ ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հանրային լսումների ժամանակ, ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

Խոսելով լայն կոնսենսուսից՝ Զուրաբյանը նկատի ուներ 8 հասարակական կազմակերպությունների եւ 8 քաղաքական կուսակցությունների հայտարարությունը։ Պատգամավորը հիշեցրեց, որ մարտի 18-ին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ նա «4+4+4» ձեւաչափի եւ քաղաքական եւ հասարակական կոնսենսուսի հասնելու մասին առաջարկ էր արել՝ ակնկալելով իշխանությունների պատասխանը։

Անդրադառնալով Զուրաբյանի հիշատակած կոնսենսուսային պլատֆորմին՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանն առաջարկեց, որ ձեռք բարձրացնեն այն ՀԿ-ները, որոնք ստորագրել են վերոնշյալ հայտարարության տակ։ Դահլիճում 2-3 ձեռք բարձրացավ։ «Խոսելով հանրային կոնսենսունսի մասին՝ դուք ուզուրպացնում եք հանրային սեկտորը։ Ինչպե՞ս եք դուք որոշելու, թե որ ՀԿ-ները պետք է ներկայացված լինեն 4+4+4» ձեւաչափով»,- հարցադրում է արել Դավիթ Հարությունյանը։ Միաժամանակ նա նշեց, որ անկախ նրանից, թե խորհրդարանում ներկայացված են քաղաքական ուժերը, նրանք կարող են մասնակցել քննարկումներին։

Պետաիրավական  հարցերի հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանն իր  հերթին նշեց. «Մենք պատրաստակամություն ենք հայտնել ձեզ հետ քննարկել ցանկացած ձեւաչափով ցանկացած հարց։ Սակայն մինչեւ հիմա ձեր կողմից ոչ մի կոնկրետ առաջարկ չենք ստացել»։