Տուլայում 2015թ. նոյեմբերի 3-ին վթարված հայկական ավտոբուսի գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ողբերգական վթարի գործով մեղադրյալ, վարորդ Գառնիկ Հարությունյանի փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը:

«14 հատոր է նյութերը, մաս-մաս ծանոթանում ենք: Մեկ ամիս ժամանակ է մեզ տրամադրվել դրա համար: Հետո ամենայն հավանակությամբ, միջնորդություններ կներկայացնենք, քանի որ համաձայն չենք, որ վթարի մեղավորը Գառնիկ Հարությունյանն է»,- ասաց Ռուբեն Կիրակոսյանը:

Նշենք, որ ավտոբուսը պատկանում էր «Քինգ Դելյուքս»-ին: Ի սկզբանե վարկածներ էին շրջանառվում, որ վարորդը կամ արագությունն է գերազանցել, կամ բջջային հեռախոսով է խոսել:

Հիշեցնենք, որ Տուլայի մարզում ողբերգական վթարը տեղի էր ունեցել 2015թ. նոյեմբերի 3-ին: Վթարից զոհվել է 9 մարդ։ Վթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ «ճանապարհային երթեւեկության կանոնները եւ փոխադրամիջոցի շահագործման կանոնները խախտելու» հոդվածով։ Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է։