Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր` սեպտեմբերի 22-ին ընդունել է Եգիպտոսի ԱԳ փոխնախարար, ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի գլխավոր քարտուղար տկն Սոմեյա Սաադին:

Տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը Ա. Գեւորգյանը հույս է հայտնել, որ տարեվերջին նախատեսված հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստը  համագործակցության նոր հնարավորություններ կբացահայտի:

Ս. Սաադն, իր հերթին, նշել է, որ պատրաստակամ  են հաշվի առնելու հայկական կողմի առաջարկները` ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի գործունեության շրջանակների եւ դասընթացների թեմատիկաների ընդլայնման վերաբերյալ: Մասնավորապես կարեւորվել է վերապատրաստման ծրագրերի իրականացումը էներգետիկայի, զբոսաշրջության եւ մի շարք այլ բնագավառների մասնագետների համար:

Հայ-եգիպտական մշակութային հարաբերությունների խորացման համատեքստում զրուցակիցները կարեւորել են նաեւ Եգիպտոսում անցկացվող հայկական մշակութային օրերը: