Իրանի Մեհաբադ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 10-ի, վիրավորների թիվը` 57-ի:
Նշենք, որ պայթյունը որոտացել է բազմաթիվ հանդիսատեսների մեջ, որոնք սեպտեմբերի 22-ին հավաքվել էին քաղաքում զինվորական շքերթը դիտելու: Շքերթը նվիրված է եղել 1980-88 թթ իրանա-իրաքյան պատերազմի տարեդարձին: Նախնական տվյալներով, գործի է դրվել ժամացույցով պայթուցիկ սարքը, որը կապված է եղել ծառին: Զոհերի եւ վիրավորների մեծ մասը կանայք եւ երեխաներ են:
Ինչպես հաղորդում է «Իտառ-Տասս»-ը` հղում անելով տեղական լրատվամիջոցներին, զոհերի թվում են Իրանի բանակի 2 բարձրաստիճան զինվորականների կանայք:
Տեղի ունեցածի պատասխանատվությունը դեռ ոչ ոք իր վրա չի վերցրել: Արեւմտյան Ադրբեջան նահանգի (հենց այս նահանգում է տեղի ունեցել ողբերգությունը) նահանգապետ Վահիդ Ջալալզադեն արդեն տեղի ունեցածի համար մեղադրել է «հակահեղափոխական ուժերին»: Նա նաեւ չի բացառել, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ վիրավորներից մի քանիսի վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր:




























