Վրաստանի համար շատ մեծ նշանակություն ունեն այն բարեկամական հարաբերությունները, որոնք դարերով կապում են իրեն Հայաստանի հետ: Այս մասին սեպտեմբերի 22-ին Հայաստանի անկախության օրվա պատվին ընդունելության ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն:
«Երկու երկրների շահերից է բխում, որպեսզի տարածաշրջանում լինի խաղաղություն, կայունություն եւ տնտեսական զարգացում: Դրա համար մենք պետք է միասին աշխատենք»,- ասել է նա:
Նշենք, որ երեկ` սեպտեմբերի 21-ին Վրաստանում ՀՀ դեսպանատանը ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ: Հրավիրված են եղել վրացական իշխանության ներկայացուցիչները, ինչպես նաեւ այդ երկրում հավատարմագրված դեսպաններ:
Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը լրագրողներին ասել է, որ Հայաստանին եւ Վրաստանին կապում է բազմադարյա բարեկամությունը: «Այս տարի մեր համագործակցությունը լավ արդյունքներ է տվել: Այդ կոնտեքստում շատ կարեւոր է Հյուսիս-Հարավ ավտոմոբիլային մայրուղին, որը կառուցվում է եւ որը կկրճատի Հայաստանից Աջարիա ճանապարհը 200 կմ-ով»,- ասել է դեսպանը:





























