Մարտի 28-ին Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնում է Միացյալ Նահանգներ: Վաշինգտոնում նախագահը կմասնակցի Միջուկային անվտանգության գագաթնաժողովին:

Այսօր գիշեր 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Աշոցքում՝ Վրաստանի հետ սահմանին: Ցնցումը զգացվել է Աշոցքում 3 բալ ուժգնությամբ: Նշենք, որ սա արդեն 5-րդ երկրաշարժն է Հայաստանում վերջին 10 օրվա ընթացքում:

Սահմանին եւ շփման գծում երեկվանից լարվածությունն աճել է. Ադրբեջանի զինուժը կրակել է նաեւ Արցախի եւ Հայաստանի բնակավայրերի ուղղությամբ, կիրառել գնդացիրներ, ականանետեր եւ հրթիռային կայանքներ: Հակառակորդն ավանդաբար ակտիվություն է դրսեւորում տոներից առաջ, ըստ երեւույթին, այս անգամ պատճառը Սուրբ Զատիկն է: Կրակոցներից երկու խաղաղ բնակիչ և մեկ պայմանագրային զինծառայող է  վիրավորվել:

Վիրավորներից մեկը  Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչ Նորիկ Ալիխանյանն է, որին գնդակը դիպել է ավտոմեքենայի մեջ: 58-ամյա Նորիկն այժմ Երեւանի հիվանդանոցներից մեկում է: 5-երեխաների հայրը հիվանդանոցում կմնա մոտ 2 շաբաթ:

Այսօր առավոտյան հակառակորդի կողմից  արկակոծման հետեւանքով գլխի վիրավորում ստացած Երվանդ  Ֆիրյանը Արցախի Մարտունու շրջանից էhtml: 27-ամյա երիտասարդը վնասվել է այգում աշխատելիս: Նրա վնասվածքը վտանգավոր չէ:

Օրերս Արցախի զորամասերից մեկում մահացած 19-ամյա Հովհաննես Հարությունյանը մահացել է՝ ծառայակցից զենքը կատակով խլելու հետեւանքով: Այս  մասին իր փաստաբանին պատմել է նրա սպանության մեջ մեղադրվող ժամկետային ծառայող Միքայել Զաքարյանը: Նրա պատմելով՝ կատակով քաշքշոցի ժամանակ է արձակվել է մահացու կրակոցը: Նույն հաստատել է նաեւ դեպքի միակ վկան, նրանց ծառայակից: Միքայելին, մինչդեռ մեղադրում են խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու մեջ:

Խաչիկ գյուղում գայլի կողմից հոշոտված կինը թեեւ դժվարությամբ, բայց արդեն կարողանում է խոսել: Տիկին Ռոզան դեռ Վերակենդանացման բաժանմունքում է:  75-ամյա կինը սարսափով է հիշում գիշատիչի հետ իր մենամարտը:

Տանզանիայում ձերբակալված Վարդանյան եղբայրները կապիկների տեղափոխման հետ կապ չունեն: Կապիկները Տանզանիայիվ Հայաստան պետք է տեղափոխեր այդ բիզնեսով զբաղվող Արթուր Խաչատրյանը: Իսկ Ջամբո պարկի սեփականատերն Վարդանյան եղբայրները օդանավակայան էին գնացել՝ իրենց իրերի մի մասը կապիկներին տեղափոխող ինքնաթիռով Հայաստան ուղարկելու համար: Արթուր Խաչատրյանը պնդում է, որ ինքն անօրինական ոչինչ չի արել, նա NEWS.am-ին ցույց է տվել կապիկների արտահանման թույլտվությունը:  Մինչ այդ Արտյոմ Վարդանյանն ու նրա եղբայրը ձերբակալված են մնում Տանզանիայում եւ սպասում են կալանքի որոշմանը:

Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանն օրերս լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ ինքն էլ է տնակում ապրում: NEWS.am-ի նկարահանող խումբը այցելել է մարզպետին, եւ պարզել, որ նա իսկապես բնակվում է տնակային թաղամասում, սակայն ոչ թե տնակում, այլ երկհարկանի քարաշեն տան մեջ՝ ավոտնակով եւ մեկ բակով: Ընդ որում՝ այս պահին, այնտեղ շինարարություն է ընթանում, իսկ մարզպետը բացի իր ասած «տնակից» նաեւ բնակարան ունի Գյումրիի մեկ այլ թաղամասում:

Վրաստանում մեծ աղմուկ է բարձրացրել նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի  համար ծովով ճամփորդող ծառի պատմությունը: Արդեն երկու օր 650 տոննա կշռող հարյուրամյա ծառը չեն կարողանում ափ հանել: Ծառն արմատախիլ են արել Աջարիայի գյուղերից մեկում եւ նավով տեղափոխել Ուռեկիի ափ, որտեղ Իվանիշվիլին իր կալվածքի մոտ նոր դենդրոպարկ է ստեղծում: Վարդակակաչի ծառի հայրենիքն Ամերիկան է, այն համարվում է աշխարհի ամենաբարձր ծառերից մեկը:

Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 480, ռուբլունը 6.95, եվրոյինը 534 , իսկ ֆունտինը 675 դրամ։

Երեւանում մարտի 27-ի օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը առաջիկա երեք օրերին կնվազի 8-10 աստիճանով: Այս գիշեր  մայրաքաղաքում սպասվում է մինչև 9, իսկ վաղը ցերեկը՝ մինչև 16 աստիճան տաքություն։