Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջեւ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ թուրքական կողմն ակտիվ աշխատում է։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը մեկնաբանել է մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է հանդիպել Էրդողանի հետ։ Իբրահիմ Քլընը պնդել է, թե մամուլում տեղ գտած հրապարակումները սպեկուլյատիվ բնույթ են կրում, քանի որ թուրքական իշխանություններն ակտիվ աշխատում են Օբամա-Էրդողան հանդիպումը կազմակերպելու համար։

Նշենք, որ ամերիկյան The Wall Street Journal-ը գրել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է անձնական հանդիպում ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ 

Էրդողանը մարտի 29-ից ապրիլի 2-ը այցով գտնվելու է ԱՄՆ-ում՝ մասնակցելու ատոմային անվտանգության գագաթնաժողովին։