Հայաստանը պիտի TANAP անդրանատոլիական գազամուղի շրջանակում իրանական գազի մատակարար դառնա: Այդ մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնել է ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը` գործընկերների հետ ելույթ ունենալով 2016-ի մարտի 21-23 –ին Եվրոնեսթի (Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրները ներառող) խորհրդարանական վեհաժողովի շրջանակում հայկական պատվիրակության գործունեության արդյունքների մասին:
«TANAP նախագիծն արժե 16 մլրդ դոլար եւ նախատեսված է տարեկան 50 մլրդ խմ գազի համար: Այսօր դրա համար լավագույն դեպքում 30 մլրդ է ներգրավված: Ադրբեջանն ու Թուրքմենստանը բավարար ծավալներ չունեն: Այդ պատճառով Իրանի մասնակցությամբ նախագիծն անհամեմատ ավելի շահավետ կլինի: Իսկ նա ինչպե՞ս պիտի գազ մատակարարի: Միայն Հայաստանով: Եվ մենք կարող ենք այդ հարցը բարձրացնել ռուսական կողմի, այդ թվում` Գազպրոմի առաջ: Կարող ենք ասել. Մենք չենք ուզում մշտական փակուղում լինել: Ուզում ենք տարանցիկ երկիր լինել, ուզում ենք ինքներս վաստակել», - հայտնել է Բագրատյանը:
Իր հերթին, «Բարգավաճ Հայաստանից» պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել է, որ եթե Իրան-Հայաստան ներկայիս գազամուղը, որի երկարությունը 228 կմ է, իսկ տրամաչափը` 700 մ, արժեցել է 160 մլն դոլար, ապա 1500-մմ-ով թելը հնարավոր է ձգել 500 մլն դոլարով, այդպես կկարողանանք ներկայացնել անհրաժեշտ ծավալները, որովհետեւ առավելագույն թողունակությունը չի գերազանցում տարեկան մեկ մլրդը: «Իսկ TANAP-ի ծավալները պետք կգան, որովհետեւ Շահ Դենիզ-2-ը, որի մասին հայտարարում էին որպես նախագծի համար գազի հիմնական մատակարարներից մեկը, կարող է 50-ից ընդամենը 16 մլրդ խմ-ն ապահովել: Այդ նախագիծը կեսից կանգնեցրել են, եւ ապագան անհայտ է», - նշել է նա:
Իրան-Հայաստան գազամուղի հզորությունը տարեկան մոտավորապես 2 մլրդ 200 մլն խմ է կազմում: Այսօր այդ ծավալից օգտագործվում է մոտավորապես 365-370 մլն-ը (Երեւանի ՋԷԿ-ի աշխատանքի համար): Հայաստանում նախատեսվում է երկու նոր ջերմէլեկտրակայան կառուցել 234 ՄՎտ հզորությամբ: Դա հաշվի առնելով` հեռանկարի համար ազատ է մնում միայն 1 մլրդ խմ հզորությունը:




























