Իշխանությունը նախապայմաններ չի ընդունի, սակայն մենք պատրաստ ենք Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ արդյունավետ քննարկումներ վարել։ Այս մասին մարտի 30-ին խորհրդարանում լրագրողներին ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը։
Անդրադառնալով երեկոյան կայանալիք «4+4+4» ձեւաչափով հանդիպմանը՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ յուրաքանչյուր պահանջ պետք է որոշակի նպատակ հետապնդի։ «Եթե այդ նպատակին կարելի է հասնել ավելի կարճ եւ արդյունավետ ճանապարհով, ապա ինչու չօգտվել դրանից։ Որոշ առաջարկվող միջոցներ լավագույն լուծումը չեն։ Բազմիցս խոսվել է մատների դրոշմանշման մասին, սակայն դա լուծում չէ, այդ մասին ես բազմիցս ասել եմ թերությունները ներկայացնելիս։ Եթե մեր գործընկերներն իրականում պատրաստ են արդյունավետ քննարկման, այլ ոչ թե հայտարարությունների, որոնք անում են լրատվամիջոցներով, ապա կարծում եմ, մենք միջոց կգտնենք պատշաճ կերպով հարցերը ձեւակերպելու եւ լուծում գտնելու համար»,- ընդգծել է Դավիթ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ մարտի 30-ի երեկոյան կկայանա «4+4+4» ձեւաչափով (4 իշխանական ներկայացուցիչ, 4 ընդդիմության եւ 4 հասարակական կազմակերպությունների) Ընտրական օրենսգրքի նախագծի հարցով առաջին հանդիպումը։





























