Ազգային ժողովում մարտի 30-ի երեկոյան ընթանում է Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ «4+4+4» ձեւաչափով առաջին հանդիպումը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը խորհրդարանից։
Իշխանությունը ներկայացնում են Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը՝ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, Պետաիրավական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը։ Ընդդիմությունը ներկայացնում են ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Հանրային սեկտորը ներկայացնում են Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը, իրավապաշտպաններ Տիգրան Եգորյանն ու Արտակ Զեյնալյանը, ինչպես նաեւ ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը։





























