Կառավարությունը մարտի 31-ի նիստում անսպասելիորեն հավանություն է տվել Քրեական օրենսգրքում փոփոխությունների մասին ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրինագծին։ Մարուքյանն առաջարկում է խստացնել ՔՕ 153-րդ հոդվածով (մեկ անգամից ավելի քվեարկել կամ ուրիշի փոխարեն քվեարկել) նախատեսված պատիժը։ Եթե հիմա դրա համար 500-700 հազար դրամ տուգանք կամ 2-3 տարվա ազատազրկում է նախատեսված, ապա Մարուքյանն առաջարկում է ուժի մեջ թողնել միայն ազատազրկումը։

Մարուքյանը օրինագծի գրավոր հիմնավորման մեջ հիշեցրել էր, որ տուգանքների նախադեպեր եղել են. քաղաքացիներին տուգանել են 500-600 հազար դրամով։ Ի սկզբանե Կառավարությունը բացասական եզրակացություն էր կայացրել՝ մոտեցումը շատ խիստ համարելով։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը մասնավորապես դեմ էր արտահայտվել. «Հաշվի առնելով մեր իրականությունը՝ կարող են դեպքեր լինել, երբ ամուսինը կնոջ անձնագրով գա ընտրատեղամաս, որպեսզի քվեարկի։ Դա խախտու՞մ է։ Այո։ Պե՞տք է բանտ նստեցնել դրա համար։ Կարծում եմ՝ ոչ»։

Սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտպանել էր օրինագիծը։