«Մենք դիտարկում ենք գործընթացների օրինաչափ արդյունքները, որոնք ձգձգվել են վերջին մի քանի ամիսների ընթացքում: Օբամայի վարչակազմը փորձում է վերականգնել հարաբերություններն Ադրբեջանի հետ եւ փոխհատուցել այն բանի համար, որ ի տարբերություն Հայաստանի եւ Վրաստանի, այդ երկիրը հրավիրված չի եղել Վաշինգտոնի միջուկային գագաթնաժողովին։ Այս մասին ադրբեջանական Turan գործակալությանը հաղորդել է Վաշինգտոնի համալսարանի Կովկասի եւ Կենտորնական Ասիայի հետազոտությունների բաժնի ղեկավար Սվանթե Կորնելը՝ մեկնաբանելով ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների ներկա փուլը։
Հարցին, թե ի՞նչ կարելի է սպասել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումից, Կորնել ասել է, որ դա չի կարելի համարել ԱՄՆ-ի Ադրբեջանի նկատմամբ վարած քաղաքական առաջնահերթությունների փոփոխություն։ Ինչպես միշտ, ամերիկյան իշխանությունը բախվում է շահերն առաջ տանելու խնդրին, որոնք ներառում են ռազմավարության եւ անվտանգության, էներգետիկայի եւ առեւտրի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարացման հարցեր։ Բոլոր այդ հարցերը հավանաբար կքննարկվեն։
«Սակայն հարցի էությունն այն է, որ վարչակազմը պետք է համագործակցի Ադրբեջանի հետ` դեպի Աֆղանստան տարանցիկ ելք ապահովելու համար։ Այդկերպ վարչակազմի տարածաշրջանային քաղաքականությունը կենտրոնացված կլինի ոչ թե Հարավային Կովկասի, այլ Աֆղանստանի վրա։ Դա ափսոսանք է առաջացնում, քանի որ Հարավային Կովկասում կան այնպիսի կարեւոր հարցեր, ինչպիսին է հակամարտությունների խաղաղ կարգավորումը, անվտանգության բարձրացումը, ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները, որոնք դեռեւս հետին պլանում են»,-նշել է Սվանտե Կրոնելը։




























