Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը ՄԱԿ-ի ամբիոնից իր ելույթում անդրադարձել է Անկարայի համար խնդրահարույց մի քանի խնդիրների: Նա հայտարարել է, որ Թուրքիան հանդես է գալիս ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման օգտին:

«Մենք հավատարմ ենք մնում տարածաշրջանում համապարփակ եւ երկարաժամկետ խաղաղության հասնելու ջանքերին, որը հիմնված է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Վերջին տարիներին մենք տեսել ենք, թե ինչպես սառեցված հակամարտությունները կարող են շատ հեշտ վերածվել բախումների տարածաշրջանում»,- ասել է նա:

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաեւ Կիպրոսի խնդրին, նշելով, որ Անկարան նախկինի պես հավատարիմ է այդ հարցի արդարացի լուծմանը: Նա կոչ է արել միջազգային հանրությանը` դադարեցնել Կիպրոսի թուրքական մասի մեկուսացումը:

Իր ելույթում Գյուլը խոսել է նաեւ Իրանի միջուկային ծրագրի մասին: Նրա խոսքով, Թուրքիան միջազգային հանրության հետ միասին շարունակելու է ջանքեր գործադրել Իրանի միջուկային ծրագրի խնդիրը արագ եւ խաղաղ կարգավորելու ուղղությամբ:

Նա նշել է, որ Թուրքիան միշտ էլ ջանքեր է գործադրել Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատման համար:

ինչ վերաբերում է Թուրքիա-Իսրայել հարաբերությունների սրմանը` «Խաղաղության նավատորմի» վրա իսրայելական ուժերի հարձակման պատճառով, Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան սպասում է, որ  Իսրայելը պաշտոնապես ներողություն խնդրի զոհերի հարազատներից եւ վիրավորներից` թուրքական նավի վրա հարձակվելու եւ մարդկանց սպանելու համար: Նա տեղի ունեցածը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է համարել: