ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ապրիլի 3-ին կրկին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ՝ քննարկելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր: Այս մասին «Ինտերֆաքս-ԱՎՆ»-ին հաղորդել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Այսօր նոր բանակցություններ են կայացել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եւ Հայաստանի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ, որոնց ընթացքում քննարկվել է հակամարտության գոտում իրադրությունը»,- ասել է Զայնետդինովը:

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ն մշտական կապի մեջ է Հայաստանի ղեկավարության հետ եւ անհրաժեշտ տեղեկություններ է ստանում իրադրության զարգացման մասին:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սադրած երկօրյա լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով երկու կողմից էլ զոհեր կան: Վերջին տվյալներով, ադրբեջանական կողմն ավելի քան 200 զոհ ունի, ինչպես նաեւ տեխնիկայի կորուստ՝ 2 ուղղաթիռ, 5 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, 1 զրահամեքենա (ԲՄՊ): Ղարաբաղյան կողմից 18 զոհ եւ շուրջ 40 վիրավոր կա: Զոհերի թվում նաեւ խաղաղ բնակիչներ կան: Գնդակոծության հետեւանքով 12-ամյա երեխա է զոհվել, եւս 2 երեխա վիրավոր է: