Իրանը միշտ կոչ է արել խաղաղ ճանապարհով կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Այս մասին Բաքվում հայտարարել է արտգործնախարար Ջավադ Զարիֆը:
Ռուսաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ ճեպազրույցի ընթացքում Իրանի արտգործնախարարը նշել է, որ հիմա գործող հրադադարի ռեժիմը հրաշալի հնարավորություն է, որին պետք է հաջորդեն բանակցություններ՝ չլուծված հարցերի կարգավորման նպատակով:
Զարիֆը կողմերին կոչ է արել հանգել համաձայնության, որի հիմքում կլինեն միջազգային իրավունքի նորմերն ու ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները: Նախարարը հավելել է, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել իր հայ գործընկերոջ հետ, նաեւ Իրանի պաշտպանության նախարարն է հեռախոսազրույց ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ: Ավելին՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի հեռախոսով զրուցել է երկու երկրների նախագահների հետ:
Նրա խոսքով, Իրանը ուրախ է, որ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռքբերվել, ու հույս ունի դրան կհաջորդեն լուրջ բանակցություններ, որոնք կհանգեցնեն հակամարտության կարգավորմանը:




























