Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում այսօր՝ ապրիլի 9-ին, տեղի ունեցավ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված 3 զինծառայողների՝ Տիգրան Աբգարյանի, Հրաչ Գալստյանի եւ Գեւորգ Վարդանյանի  հոգեհանգստյան արարողությունը:

Արցախի հարավային ուղղությամբ տեղի ունեցած մարտերի հետեւանքով զոհված 20-ամյա Տիգրան Աբգարյանը, որը տանկիստ է եղել, միանգամից կռիվ է տվել հակառակորդի մի քանի տանկերի դեմ:

«Տիգրանը մեր գերդաստանի ամենահզոր ու անվախ տղան էր, չէր վախենում ոչ մեկից: Ինքը հերոսի պես ընկավ. իր մեկ տանկով խոցել է 7 տանկերից 4-ին, եւ մեկ տասնյակից ավելի ադրբեջանցու սպանել»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Տիգրանի մորեղբայրը՝ Գեւորգ Թումանյանը՝ նշելով, որ Տիգրանը փոքր հասակից երազել է տանկիստ դառնալ:

Գեւորգ Թումանյանի խոսքով՝ դեռ դպրոցական հասակից Տիգրանը սիրում էր կարդալ հայ զինվորների եւ հայոց բանակի մասին նյութեր. «Մի օր էլ Տիգրանն ասաց, որ մենք միայն հայոց բանակի մասին չպետք է իմանանք, թշնամու բանակի մասին էլ է պետք իմանալ, որ հանկարծ կռիվ լինի, գիտենանք՝ ինչ զենք ունեն, ինչ չունեն, ինչպես են կռվում: Մեկ էլ շատ հաճախ էր ասում, որ տանկիստը պիտի կարողանա թշնամու զգալի բանակ ոչնչացնել: Իր խոսքը տերը եղավ»:

20-ամյա Տիգրանը հստակ որոշել էր՝ ծառայությունն ավարտելուց հետո մնալու էր Զինված ուժերում: 

Զոհված մյուս զինծառայողը՝ 20-ամյա Գեւորգ Վարդանյանը, բնակվում էր Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստան էր վերադարձել ծառայության մեկնելու համար:

Ավագ լեյտենանտ, 25-ամյա Հրաչ Գալստյանի մայրը մինչեւ վերջին պահը չէր հավատում, որ որդին մահացել է:

«Հրաչի մայրը մինչեւ վերջին րոպեն սպասում էր, որ տղան գալու է, ոչ թե բերելու են, բոլորիս խնդրում էր աղոթել որդու կյանքի համար: Մայրական զգացում ուներ, որ ողջ կտեսնի տղային, բայց վերջին օրն անդադար լացում էր, սիրտը մի բան զգացել էր»,- ասաց Հրաչ Գալստյանի ընտանիքի մտերիմներից մեկը:

Հրաչն ավարտել էր Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ապա անցել ծառայության Լեռնային Ղարաբաղի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասում:

«Հրաչն ու աները դեպքի օրը միմյանցից քիչ հեռու են եղել: Աներն անընդհատ հորդորել է Հրաչին հետ գնալ, սակայն նա չի համաձայնվել, ասել է, թե զինակիցներից մենակ չի թողնի, կկռվի բոլորի հետ, թեկուզ կյանքի գնով»,- ասաց ընկերներից մեկը՝ նշելով, որ Հրաչի կինն առաջնեկին է սպասում, որը 1 ամսից կծնվի:

Նշենք, որ 3 զինծառայողի հոգեհանգստին ներկա էին նաեւ ՀՀ վարչապետ Հովիիկ Աբրահամյանը, նախարարներ եւ պատգամավորներ:

Զոհված զինծառայողների հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 10-ին: