Շիրակցի Խաչատրյան ամուսինները իրենց նորածին որդուն Տիգրան են անվանել՝ ի պատիվ  ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա մարտերի ընթացքում հերոսաբար զոհված գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանի:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ծննդկան Արմինե Խաչատրյանը պատմեց, որ երեխայի սեռը նախապես չեն իմացել, որդի ունենալու լուրը լսելուն պես ամուսինը ասել է՝ «անունն արդեն որոշել եմ»:

«Եկավ, ասեց՝ Տիգրան ենք դնելու անունը, հետո հարցրեց, թե չես կռահո՞ւմ՝ ում պատվին, մեր գյումրեցի հերոս տանկիստի, ով իր կյանքը տվեց մեզ բոլորիս համար: Ես հուզվեցի ու ողջունեցի ամուսնուս որոշումը»,-ասաց Արմինե Խաչատրյանը:

Նորածին Տիգրանը Շիրակի մարզի Քեթի համայնքից է, Խաչատրյանների երրորդ զավակն է: Փոքրիկը լույս աշխարհ է եկել 2 կգ 900 գրամ քաշով: Մայրը վստահ է՝ իր որդին էլ է Տիգրան Աբգարյանի նման հերոս մեծանալու:  

«Մեծ երեխաս էլ է տղա, ու հպարտ եմ, որ ծառայելու է հայոց բանակում, իսկ Տիգրանս իր անվանակցի նման հզոր ու ուժեղ է լինելու, հերոս է լինելու»,- նշեց ծննդկանը:

Նշենք, որ Պաշտպանության բանակի շարքային, տանկիստ 20-ամյա Տիգրան Աբգարյանը զոհվել է Ջեբրայիլի հատվածում: Գյումրեցի Տիգրանը տանկով դուրս է եկել առաջնագիծ, ոչնչացրել հակառակորդի 3 տանկ եւ հերոսաբար զոհվել: Տիգրան Աբգարյանին ապրիլի 10-ին հողին են հանձնել: Հենց նրա հուղարկավորության օրն էլ լույս աշխարհ է եկել նրա անվանակիցը՝ Խաչատրյանների որդի Տիգրանը: