Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին եւ Իլհամ Ալիեւը նախատեսում են շուտով բանակցություններ անցկացնել անվտանգության հարցերով: Երեք առաջնորդների հանդիպումը տեղի կունենա Բաքվում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»

Չնայած ծրագրված բանակցությունների մանրամասները չեն հաղորդվել, անցյալ շաբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանական մայրաքաղաքում հանդիպման ընթացքում հայտնել է, որ բանակցությունների օրակարգում գլխավոր տեղը կզբաղեցնի Կասպյան տարածաշրջանում անվտանգության ոլորտում համագործակցությունը, որը, ռուսաստանցի նախարարի խոսքով, ահաբեկիչների տեղափոխման միջանցք է դարձել:  

Պուտինի, Ռոհանիի եւ Ալիեւի եռակողմ հանդիպման մասին հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ սրվել է իրավիճակը ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ԶՈՒ-երի շփման գծում: Մոսկվան եւ Թեհրանը նպաստում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին: ԱՄՆ-ը կողմերին կոչ է արել վերսկսել խաղաղ երկխոսությունը եւ խուսափել հետագա լարումից: