Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի կայքում տեղադրված հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հարցազրույցի կապակցությամբ «ԱրմենՏելը» մեկնաբանություն է կատարել։ Բանն այն է, որ հարցազրույցում Շաբոյանը վստահեցնում է, որ հանձնաժողովը ոչ մի ճնշում չի գործադրում ընկերության վրա, եւ 79-Ա գործի հետ կապված, «ԱրմենՏելն» ինքն է առաջինը բանակցության նախաձեռնությամբ հանդես եկել։ Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ի 79-Ա որոշմամբ «ԱրմենՏելը» տուգանվել է 300 մլն դրամով։
Այս կապակցությամբ NEWS.am-ի թղթակցի հարցերին պատասխանելիս «ԱրմենՏելի» մամուլի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը ներկայացրեց 79-Ա որոշման հետ կապված դեպքերի ժամանակագրությունը։ Բեղլոյանի խոսքի համաձայն, հանձնաժողովը բանավոր կերպով ցանկություն է հայտնել բանակցելու ընկերության հետ 2008 թ.-ին, որից հետո սկսվել է քննարկվել փոխհամաձայնության հնարավոր ուղիները։ 2009 թվականին բանկցությունը դադարեցվել է, հանձնաժողովի նախագահի փոփոխության պատճառով։
«Բանակցությունները վերսկսեցին Արտակ Շաբոյանի հանձնաժողովի նախագահ դառնալուց հետո, իսկ վերսկսման նախաձեռնողը ՏՄՊՊՀ-ն էր, բանակցությունների վերսկսման առաջարկն էլ կատարվել է երրորդ անձանց ներկայությամբ»,- նշեց Բեղլոյանը՝ ավելացնելով, որ Շաբոյանի նշանակումից հետո հանձնաժողովը առաջինն է համաձայնության գալու գրավոր տարբերակ ուղարկել։
«ԱրմենՏելի» իրավաբանական գծով տնօրեն Դավիթ Սանդուխչյանը ներկայացնելով, թե ինչի համար է ընդունվել ՏՄՊՊՀ-ի 79-Ա որոշումը, նշեց, որ 2008 թ.-ի գարնանը Հայաստանում գործող մի քանի պրովայդերներ դիմել են ՏՄՊՊՀ-ին, դժգոհելով, որ «ԱրմենՏելը» հրաժարվում է իրենց տրամադրել «բաշխիչ ցանցը»:
«Էլեկտրոնային հաղորդակցությանը վերաբերող իրավաբանական տերմինների շարքում չկա «բաշխիչ ցանց» եզրույթ, այսինքն՝ դա նշանակում է, որ նման հսկացություն գոյություն չունի, բայց չնայած այս հանգամանքին ՏՄՊՊՀ-ն ընդունեց 79-Ա որոշումը, որով «ԱրմենՏելը» պարտավորվում է տրամադրել իր «բաշխիչ ցանցը» պրովայդերներին, քանի որ գերիշխող դիրք է գրավում։ ՏՄՊՊՀ-ին բողոքած պրովայդերներից մեկը, նույն հայցով դիմեց նաեւ դատարան, սակայն դատարանը մերժեց պրովայդերի հայցը, քանի որ համապատասխան օրենքով, եթե գերիշխող օպերատորը պատրաստվում է առաջիկա 3 տարիների ընթացքում օգտագործել իր գծային ուղիների ազատ թողունակությն հնարավորությունը, եւ ճանաչեց «ԱրմենՏելի» գործողությունները օրինաչափ»,- նշեց Սանդուխչյանը՝ ընդգծելով, որ ՀՀ դատարանի համապատասխան վճիռը արդեն կասկածի տակ է առնում ՏՄՊՊՀ-ի որոշման հիմնավորվածությունը։
«ԱրմենՏելի» իրավաբանական գծով տնօրենը նշեց նաւ, որ ՏՄՊՊՀ-ն հնարավորության դեպքում արդեն իսկ տուգանած կլիներ «ԱրմենՏելին», ոչ թե կնախընտրեր բանակցույոնների եւ հաշտության ուղին, ու չէր երկարաձգի դատական գործը 2 տարով։ «Եթե նույնիսկ հնարավոր համարենք այն, որ ոչ թե հանձնաժողովը այլ «ԱրմենՏելն» է սկսել բանակցությունները, չնայած դա այդպես չէ, ապա, եթե նրանց դիրքերն այդքան ուժեղ են, ինչո՞ւ են համաձայնել բանակցելուն կամ դատական գործընթացի ձգձգմանը»,- ընդհանրացրեց Սանդուխչյանը։





























