Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում ապրիլի 2-ից սկսած ռազմական գործողությունների առաջի իսկ օրվանից մինչ այսօր հայ զինվորն իր տեղում է, միշտ պատրաստ ցանկացած մարտական խնդիր կատարելու:
«Արցախ TV»-ի թղթակցի հետ զրույցում հենց մարտական դիրքերում հերթապահող զինծառայողներն են փաստել այդ մասին:
Հրամանատար ու զինվոր այս օրերին պառկել են նույն խրամատում, արկի ու ականի պայթյունից միասին փոշոտվել, «դուխով», մարտական ոգին տեղը, կանգնել են կողք կողքի:
Հակառակորդին տեսնելու պես զինվորը գիտակցել է՝ ամեն ինչ պետք է անի, որ հակառակորդը սահմանը չհատի, որ իր ծնողները հանգիստ քնեն:
«Թշնամին թող իմանա, որ մի քայլ անգամ առաջ գալ չի կարող»,-ասել է մի զինծառայող:
Դիրքերում ոչ մի բանի պակաս չունեն, որովհետեւ ողջ հայ ազգն է իրենց մեջքին կանգնած, սահմանները պաշտպանված են, զինվորների գիտելիքները՝ գերազանց, հրամանատարները գոհ են, զինծառայողները՝ միշտ զգոն. հսկում են, որ հակառակորդի ցանկացած շարժ համարժեք հակահարված ստանա:
Հայ զինվորները պահել ու պահելու են մեր սահմանները, չեն պատրաստվում անգամ մի թիզ հողակտոր տալ հակառակորդին:











