Արդբեջանական կողմը տեղեկություն է հաղորդել մեկ անհայտ կորած զինվորի մասին: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը:
«Ինձ բանավոր տեղեկատվությունը փոխանցեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները: Ճշտվում է այդ տեղեկատվության հավաստիությունը, եթե պարզվեց, որ գտնվածն իսկապես մեր անհետ կորած զինվորն է, ապա արագ կերպով կկազմակերպվի մարմնի ընդունման գործընթացը»,-ասաց Վիկտոր Քոչարյանը:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը նշել էր, որ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմն ուներ 19 անհետ կորած. հայկական կողմին հանձնվել է 18 անհետ կորածների մարմինները, մեկ զինծառայողի ճակատագիրն անհայտ է մնում: Ապրիլի 2-ի պատերազմական գործողություններից հետո անհետ կորած է համարվում 23-ամյա կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանը:




























