Ադրբեջանի կողմից ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղին հանձնված 18 զինծառայողների մարմինները փորձաքննության են ենթարկում։ Այս մասին ապրիլի 13-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի ավագ օգնական Ալիկ Ավետիսյանը։

Նա հայտնել է, որ փորձաքննությունն իրականացնում է Քննչական կոմիտեն։ Արդեն հայտնի է, որ քրեական գործեր են հարուցվել մարմինների անարգման կապակցությամբ, եւ փորձաքննության խնդիրներից մեկն է պարզել, թե խոշտանգել են արդյոք կենդանի գերիներին։ Ալիկ Ավետիսյանի խոսքով՝ դա բացառված չէ, եւ այդ մասին կան որոշ տեղեկություններ։ «Սակայն հասանելի տեղեկությունը դեռ սահմանափակ է մի շարք պատճառներով»,- նշել է նա նախարարի օգնականը՝ դրանց թվում նշելով նաեւ զոհվածների ընտանիքների զգացմունքները։

Նրա խոսքով՝ հիմա խնդիր է դրված հետագա իրավական գործողություններ կազմակերպել։