Գառնիի մի քանի հարյուր բնակիչ, որոնք այսօր՝ ապրիլի 13-ին, փակել են Երեւան-Գառնի-Գեղարդ ճանապարհը, այս պահից սկսած նստացույց են անում:  Գառնիի բնակիչները պահանջում են դադարեցնել Ազատի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները եւ դուրս հանել տեխնիկան: 

Ոստիկանները փորձում են բնակիչներին հեռացնել ճանապարհի երթեւեկելի մասից, սակայն բնակիչները պահանջում են կատարել իրենց պահանջը՝ դադարեցնել շինարարական աշխատանքները:

 NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է , որ այնտեղ է նաեւ  Կոտայքի մարզի  ոստիկանապետ Վարդան Վարդանյանը, որը փորձում է  բնակիչներին համոզել դադարեցնել ցույցը եւ բացել ճանապարհը: Նրա խոսքով, գառնեցիները խախտում են այլ մարդկանց ազատ շարժվելու իրավունքը: Գառնիի գյուղապետի Աշոտ Վարդանյանը գյուղացիներին տեղեկացրեց, որ կիրճում շինարարական աշխատանքներն արդեն ավարտված են, սակայն, գյուղացիները դրան ի պատասխան նշեցին, որ հիմա դադարեցրել են, վաղը նորից կվերսկսեն:

Ցուցարարաներն իրենց հետ բերել են ՝«Փրկենք մեր գետը, մեր բնությունը, մեր պատիվը»,«Դուրս բերեք շինարարական տեխնիկան», «Չծառայեցնեք հայ զինվորի արյունը ձեր անձնական շահերին», «Ազատ գետին ազատություն» գրությամբ պաստառներ:

Նշենք, որ գառնեցիներն արդեն 2 տարի պայքարում են Կառավարության որոշումը չեղյալ համարելու համար, որով նախատեսվում է Ազատ գետի ջուրը Գառնիի հեթանոսական տաճարի տակից վերցնել խողովակի մեջ եւ տեղափոխել Արտաշատի Քաղցրաշեն ու Նարեկ գյուղերը: