Հանրության դժգոհությունը հարուցած Սիսիան-Գորիս ճանապարհի լուսանկարներն արվել են աշխատանքների ոչ թե ավարտական փուլում, այլ ընթացքում, երբ փոսեր են արվել՝ հետագայում դրանք ասֆալտով լցնելու համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ փորձելով արդարանալ, թե ինչու են պատերազմող Հայաստանի ճանապարհներն այդքան անմխիթար վիճակում։
Նա նշել է, թե սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներում, որտեղ ճանապարհները պարզապես ողբալի վիճակում էին, նախնական աշխատանքների փուլում են եղել:
Սակայն քիչ անց նույն Գագիկ Բեգլարյանը, նշում է, որ փոսալցումներով այդ ճանապարհը նորոգել հնարավոր չէ: Նրա խոսքով՝ այս տարվա խիստ ձմռանից հետո ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միայն փոսալցումներով Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը վերանորոգել հնարավոր չէ, որովհետեւ փոսերը բավականին մեծ էին, հետեւաբար դիմել են կառավարությանը եւ 240 մլն դրամ է հատկացվել այդ ճանապարհի նորոգման համար: Նա հավելել է, որ երբ պատերազմը սկսվել է, փոսալցումներ չէին կարող անել, քանի որ ձյուն էր գալիս եւ իրենք արագ կազմակերպել են ձնամաքրման աշխատանքներ:
Նկատենք, որ Բեգլարյանն իր խոսքում հակասում է ինքն իրեն. նախ նշում է, թե շինարարները փոսեր են արել, որ հետո ասֆալտով լցնեն, իսկ քիչ անց, հայտարարել է, թե փոսալցումներով խնդիրը հնարավոր չէ լուծել:
Հատկանշական է, որ Հայաստանյան ճանապարհներից բողոքում են նաեւ Գագիկ Բեգլարյանի կուսակից ՀՀԿ-ական պատգամավորները, որոնք քառօրյա պատերազմի օրերին առիթ են ունեցել մեկնել Արցախ եւ անցնել այդ անմխիթար ճանապահներով: Մասնավորապես, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այս առնչությամբ Facebook-ի իր էջում գրել է. «Արցախից Երեւան ճանապարհվելիս` Գորիս-Վայք հատվածում ճանապարհը, մեղմ ասած, խայտառակ վիճակում է: Այդ ճանապարհով նաեւ մեր վիրավորներին են տեղափոխել Երեւան: Նման անգործությունը չպետք է հանդուրժել: Ես մեր հերոս տղերքի պատգամը նաեւ այդպես եմ հասկանում»:
Ընդ որում, հայաստանյան ճանապարհների վիճակը խայտառակ վիճակում է ոչ միայն նշված հատվածում: Մասնավորապես, NEWS.am-ի թղթակիցը, որն այցելել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղ, հանդիպելու զոհված զինծառայողների ընտանիքներին, ականատես է եղել ճանապարհների նույն անմխիթար վիճակին նաեւ այստեղ:
Երեւանից մինչեւ Զոլաքար 134 կմ է, որը միջին հաշվարկով պետք է անցնել 2 ժամում, սակայն այն տեւել է 3 ժամ, որովհետեւ Երանոս գյուղից սկսած ճանապարհն անխնամ է ու քանդած: Ճանապարհը գրադից չի քանդվել, այլ պարզապես չեն նորոգել, փոսալցում չեն արել: Հասկանալի է, որ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունն սկսելու է արդարացման էլեգիաներ գրել, ու նշել, որ մեծարգո տիար ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարը միշտ հետեւում է ճանապարհներին, անձամբ է այցելում եւ այլն: Բայց այսօր փաստն այն է, որ պատերազմող պետության ռազմավարական նշանակության՝ թիկունքի ճանապարհը քանդած է:
Ճանապարհը մինչեւ Մարտունի դեռ փառք է, Վարդենիսից այն կողմ ընդհանրապես, կարելի է ասել, ճանապարհ չկա: Լրիվ քանդած ու ավիրած: Չգիտենք՝ մտածող կա՞, որ դա ռազմավարական ճանապարհ է: Մենք մեր պետության անկախության օրից մինչեւ այսօր պատերազմի մեջ ենք, ու այդ ճանապարհը, որ կյանքի նշանակություն ունի, քանդած է, էս էլ արդեն քանի՜ տարի...











