Եթե ամեն անգամ, երբ Հայաստանի շահերին հակասող ինչ-որ բան է տեղի ունենում, մենք նեղացածի կեցվածք ընդունենք, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Այս մասին ապրիլի 15-ին՝ ՀՀ կառավարության նիստում, ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով էր ճիշտ ԵՏՄ Միջկառավարական խորհրդի նիստին Հայաստանի մասնակցությունը, եթե նիստը Երեւանից Մոսկվա էր տեղափոխվել ԵՏՄ անդամ չհանդիսացող Ադրբեջանին չնեղացնելու համար:

«Եթե նման դեպքերում մենք հայտարարենք, թե բոլորը թշնամաբար են տրամադրված, մենք մենակ ենք, նրանք՝ մեր դեմ, դա ճիշտ չի լինի: Պետք է հաշվի առնենք, որ բոլոր երկրներն առաջին հերթին ղեկավարվում են իրենց շահերով, սակայն միաժամանակ մենք չպետք է թույլ տանք, որ ոտնահարվեն մեր իրավունքները»,- ասել է Քոչարյանը:  Նա նաեւ  նշել է, որ Ադրբեջանի նպատակը Հայաստանին քաղաքական մեկուսաման մեջ պահելն է: «Ադրբեջանը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի մեր դաշնակիցներին մեր դեմ տրամադրի: Հետեւաբար Հայաստանը չպետք է նեղացածի կեցվածք ընդունի, իսկ դա իր հերթին ենթադրում է աշխատել տարբեր ուղղություններով»,- հավելել է Շավարշ Քոչարյանը:

Փոխարտգործնախարարը վստահեցրել է, որ ԵՏՄ նիստին Հայաստանի մասնակցությունն օգտագործվել է դժգոհություն հայտնելու համար: «ԵՏՄ մեր գործընկերներին ասվել է, ինչ որ անհրաժեշտ է, եւ դեռ կասվի»,- ասել է Շավարշ Քոչարյանը: