Ճապոնիայի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերի հետեւանքով 28 մարդ է զոհվել: Միայն անցած գիշեր տարերքը 19 մարդու կյանք է խլել:

Տուժածների ընդհանուր թիվը մոտենում է երկու հազարի: 80 մարդ հիվանդանոցներում է ծանր վիճակում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կումամոտո քաղաքի օդանավակայանում երկրաշարժերի պատճառով ավիաընկերությունները չեղարկել են բոլոր չվերթները, հայտնում է NHK հեռուստաընկերությունը: Օդանավակայանը փակ է: Տերմինալի շենքում առաստաղը մասամբ փլուզվել է, վնասվել է հատակը, անջատված է էլեկտրականությունը, հայտնում է Gazeta–ն:

Հիշեցնենք, որ Ճապոնիայի հարավ-արեւմուտքում 6.4 մագնիտուդով առաջին երկրաշարժը տեղի էր ունեցել ապրիլի 14-ին: Դրա էպիկենտրոնը գտնվում էր Կումամոտո քաղաքից ոչ հեռու, ստորգետնյա ցնցումների օջախը 10 կմ խորության վրա էր: Այն ժամանակ ինը մարդ էր զոհվել, տուժել առնվազն 780-ը:

Հաջորդ օրը, ապրիլի 15-ին, այդ նույն տարածքում տեղի էր ունեցել 7.3 մագնիտուդով երկրաշարժ: Այն մոտավորապես 16 անգամ ուժեղ էր նախորդից: Հզոր ցնցումներին հաջորդել էին բազմաթիվ հետցնցումներ: Սողանքների պատճառով հարյուրավոր տներ էին փլվել: Փրկարարները շարունակում են փլատակների տակ մարդկանց որոնել: