«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը քննարկվել է սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների եւ իրավաբանական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) պաշտոնական կայքէջից:

 Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ գերիշխող դիրք գրավող ընկերությունները, օգտվելով օրենսդրական ճեղքերից, խախտում կատարելուց հետո հնարավորություն ունեն լուծարել ընկերությունը եւ մնալ անպատիժ: Այդպիսի դեպք գրանցվել է, մասնավորապես, 2008 թ., երբ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող եւ դիվերսիֆիկացված բիզնեսով զբաղվող «Սալեքս Գրուպ» ընկերությունը կատարել է գերիշխող դիրքի չարաշահման բազմաթիվ խախտումներ եւ լուծարվել է` այդպիսով խուսափելով տուգանքներից: Ավելի ուշ, դրա փոխարեն կազմավորվել է մեկ այլ ընկերություն` «Ալեքս Գրիգը», որը եւս բազմիցս չարաշահել է գերիշխող դիրքը եւ ցուցաբերել անբարեխիղճ մրցակցություն։ Նոր օրինագիծը նախատեսում է, որ խոշոր ընկերությունների լուծարման գործընթացը պետք է տեղի ունենա Հանձնաժողովի թույլտվությամբ: Նշենք սակայն, որ «Սալեքս Գրուպի» լուծարումը եւ դրա փոխարեն «Ալեքս Գրիգի» ստեղծումը պայմանավորված էր ավելի շուտ շահութահարկի օրենքի դրույթներով, ըստ որի արտասահմանյան կապիտալով ստեղծված ընկերությունները գործունեության առաջին տարիներին շահութահարկի վճարման արտոնություն էին ստանում։ Երբ այդ արտոնությունների ժամկետը ավարտվում էր, ընկերությունը լուծարում էին ու դրա փոխարեն ստեղծում մեկ ուրիշը։ Այդ նույն «Սալեքս Գրոպն», օրինակ, ստեղծվել է «Ֆլիթֆուդի» փոխարեն։ Շահութահարկի այդ դրույթները այլեւս չեն գործում։

Շաբոյանը տեղեկացրել է նաեւ, որ նախատեսվում է պատժամիջոցների խստացում` հատկապես անբարեխիղճ մրցակցության դրսեւորումների համար: Միաժամանակ նախատեսվում է նաեւ տարբերակված մոտեցում, քանի որ պատժամիջոցների վերին շեմը բարձրացնելուն զուգահեռ, ստորին շեմը իջեցվել է: Տուգանքի չափի ընտրության հարցում հաշվի են առնվելու ոչ միայն տնտեսվարող սուբյեկտի ազդեցության չափը շուկայի վրա, այլեւ խախտման կրկնության եւ այլ հանգամանքներ։

Նախատեսվում է նաեւ Հանձնաժողովի ստուգումների իրավասության ընդլայնում եւ վերահսկողական կարողությունների ուժեղացում, այնպիսի մեխանիզմների ընդունում, որոնք հնարավորություն կտան հզորացնել վարույթների, ուսումնասիրությունների շրջանակում ապացուցողական բազան եւ ուղղված կլինեն լրացուցիչ փաստերի, ապացույցների ձեռք բերմանը: