Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են հայտնաբերել առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող կասկածյալին։

Մարտի 27-ին, թեեւ օրն աշխատանքային չէր, ոստիկանությունն իր սովորական գործին էր: Ժամը 14.20-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Երեւանի Աբովյան 25 հասցեում գործող «Փարիզյան սուրճ» սրճարանում հայտնաբերել եւ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Երեւանի Համբարձումյան փողոցի բնակիչ, 1974 թ. ծնված, «Հոլանդացի Էդո» մականունով Էդուարդ Թորոսյանին, ով 2013 թ. դեկտմբերի 6-ց հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի երկրորդ մասի 7-րդ կետի (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանության փորձ) եւ 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով եւ որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հատկանիշներով:

Հիշեցնենք, որ Էդուարդ Թորոսյանը 2013 թ. նոյեմբերին Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցում գործող ՙՊարմա՚ առեւտրի կենտրոնում դաժան ծեծի էր ենթարկել 37-ամյա Արմեն Փ.-ին, որից հետո դիմել էր փախուստի: Նրա կատարած արարքը տեսաձայնագրվել էր խանութում տեղադրված տեսախցիկներով։