Ադրբեջանը միակ վտանգն է տարածաշրջանային անվտանգության համար, Հայաստանը պետք է պատրաստվի Ադրբեջանի դեմ պատերազմին: Այդ մասին  սեպտեմբերի 27-ին կայացած ասուլիսում հայտնել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Անդրադառնալով սահմանային վերջին միջադեպերին՝ փորձագետը նկատել է, որ ավելի անհանգստացած է, որ կարող է պատահական պատերազմ սկսվել: «Այսինքն առանց որոշման: Պատճառն այն է, որ Ադրբեջանն օգտագործում է ռազմական հարձակումնեը որպես դիվանագիտություն; Դա սխալ է, ինչպես սխալ էր ժամանակին Վրաստանի ռազմավարությունը»,- ասել է Կիրակոսյանը՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ հարձակման դեպքում Ադրբեջանը անպայման պարտություն կկրի:

Փորձագետը նշել է նաեւ, որ միջազգային հանրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօր ավելի շատ ճնշում են գործադրում Ադրբեջանի, քան Հայաստանի եւ Ղարաբաղի վրա: Դրա վառ ապացույցը Օբամա-Ալիեւ հանդիպումն էր եւ այդ հանդիպմանը Օբամայի արած դիտողությունները քաղբանտարկյալների եւ այլ հարցերով: «Լավ նորություն է այն, որ Մինսկի խումբը համաձայնության է եկել Ադրբեջանին պատերազմից հետ պահելու հարցում»,- նշել է փորձագետը:

Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի նշանակումը Ադրբեջանի դեսպանի պաշտոնում, Կիրակոսյանը նշել է, թե Բրայզայի նշանակումը մարտահրավեր է Ադրբեջանի ղեկավարությանը, ԱՄՆ-ը տարածաշրջանին ծանոթ մարդ է ուզում նշանակել, որպեսզի ավելի խիստ կարողանա խոսել Ադրբեջանի հետ: