Ապրիլի 21-ին լուսաբացին Թալիշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 32-ամյա Մարատ Դանիելյանը: Գիշերը հակառակորդը հրադադարը խախտել է ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական, այլեւ Հայաստանի սահմանին՝ Տավուշի ուղղությամբ:

Այսօր հայտնի է դարձել, որ օրերս հիվանդանոցում մահացել է ապրիլի 4-ին Մարտակերտում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից ծանր վիրավորված, սիսիանցի կամավորական Կարո Համաբարձումյանը: 56-ամյա  կամավորականը Սյունիքի մարզի Վաղատին գյուղից էր:

Ապրիլի 21- դրությամբ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 53 զինծառայող. նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 3-ինը՝ ծանր:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ Երեւանում անցկացվել է բողոքի երթ: Մասնակիցները պահանջում էին դադարեցնել ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին եւ հրաժարվել Ռուսաստանի միջնորդությամբ հակամարտության կարգավորման ցանկացած առաջարկից, որը ենթադրում է տարածքների հանձնում կամ խաղաղապահների տեղակայում Լեռնային Ղարաբաղում: Նշենք, որ Լավրովի այցից ժամեր առաջ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Լավրովն իր հետ բանակցային գործընթացի վերաբերյալ որոշ մշակումներ է բերելու Հայաստան, սակայն չէր մանրամասնել, թե կոնկրետ ինչ: Երթի մասնակիցները զոհված զինծառայողների նկարներով, «Ոչ մի թիզ հող թշնամուն», «Ձեռքերդ հեռու Արցախից» վանկարկումներով Ազատության հրապարակից քայլել են դեպի Արտգործնախարարության, ապա Ռուսաստանի դեսպանատան շենքեր: Ակտիվիստներն իրենց հետ արկղ էին բերել, որն ուզում էին փոխանցել դեսպանատանը: Ոստիկանները երթի մասնակիցներին թույլ չէին տալիս ոչ մոտենալ դեսպանատան շենքին, ոչ էլ փոխանցել արկղը՝ բացատրելով դա անվտանգության նկատառումներով: Երկար բանակցություններից հետ ի վերջո երթի մասնակիցներից մեկին թույլ տվեցին անցնել փողոցը եւ արկղը թողնել շենքի մոտ:

Արցախահայերը Սերգեյ Լավրովին հիշեցրել են ընդամենը երկու տարի առաջ արված ձայնագրությունը, երբ Լեւոն Հայրապետյանի 60-ամյակին Սերգեյ Լավրովը  գովասանքներ է շռայլում հայազգի գործարարի հասցեին, պատմում, թե ինչ մեծ ավանդ նա ունի արտերկրում Ռուսաստանի հեղինակության բարձրացման հարցում: Մինչդեռ այսօր առողջական լուրջ խնդիրներ ունեցող Հայրապետյանը Մոսկվայի բանտում է, որտեղ բանտարկյալները հերթով են քնում: Այս տեսագրությամբ արցախահայերը Լավրովին կոչ են արել հաշվի առնել Հայրապետյանի ունեցած ավանդը եւ  միջնորդել, որպեսզի փոխվի խարդախությամբ մեղադրանքով 4 տարվա ազատազրկման դատապարված գործարարի պատժամիջոցը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ապրիլի 25-ին չի այցելի Հայաստան: Նրա հարավկովկասյան այցի հետաձգումը ՄԱԿ-ը պաշտոնապես հիմնավորել է այլ՝ հրատապ գործերով: Այցի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Բաքվում  պետք է մասնակցեր նաեւ ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումին: Նախօրեին Հայաստանի ԱԳՆ-ն պահանջել էր չեղյալ հայտարարել Բաքվում նախատեսված ֆորումը՝ ադրբեջանական վերջին ագրեսիայի պատճառով: Նշենք, որ պատմության մեջ առաջին անգամ այս ֆորումը կանցնի առանց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եւ առաջին անգամ՝ առանց կոնսենսուսի:

Անհրաժեշտության դեպքում ոչ միայն Հայաստանի, այլեւ Գերմանիայի եզդիները պատրաստ են կռվել թուրքերի ու ադրբեջանցիների դեմ՝ հայկական հողը պաշտպանելու համար։ Երեւանում հայտարարել են գերմանաբնակ եզդի մշակութային, հասարակական գործիչները: Նրանց խոսքով՝ Հայաստանում եզդիների իրավունքները պաշտպանված են: Հայաստանն այն եզակի երկրներից է, որը միջազգային ատյաններում բարձրաձայնում է Իրաքում եզդի ժողովրդի ցեղասպանության հարցը:

Երեւանի օղակաձեւ զբոսայգում այսօր բացվել է Իրաքի Շանգալի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող՝ երեխային գրկած կնոջ տեսքով: Կինը խորհրդանշում է հայրենիքը, իսկ երեխան՝ եզդի ժողովրդին: Հուշարձան-կոթողի թիկունքում պատկերված է կռունկների երամ, որը խորհրդանշում է եզդի ժողովրդի վերադարձը իրենց բնօրրան Շանգալ:

Քաղցրաշենցի կինը տասնյակ համագյուղացիների կառավարություն էին եկել իրենց պարտքը պահանջելու: Քաղցրաշենցի խաղողագործներին անցած տարի մթերած խաղողի դիմաց պարտքը «Վինար» ընկերությունը մինչեւ հիմա չի վճարել: Մի քանի ժամ կառավարության առջեւ կանգնած գյուղացիներին ընդունել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:  Հանդիպմանը ներկա է եղել պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, որ գործարանի սեփականատերերից է: Խաղողագործներին հերթական անգամ խոստումներով են ճանապարհել՝ մինչեւ մայիսի 10-ը կվճարեն:

Աղբաման նետված լվացքի փոշին ու անձեռոցիկները թուրքական արտադրության են: «Հանուն օրենքի» նախաձեռնության անդամները այսօր փորձել են ցուցադրաբար այրել դրանք կառավարության շենքի առջեւ, սակայն ոստիկանները թույլ չեն տվել: Ակցիայի մասնակիցները պահանջում էին արգելել թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան եւ չհարստացնել Թուրքիային: 

Մի խումբ հայ մտավորականներ եւ բարձրաստիճան զինվորականներ նախաձեռնել են ստորագրահավաք, որով Հայաստանի իշխանություններից պահանջում են հրաժարվել ԵՏՄ, ԱՊՀ եւ ՀԱՊԿ անդամակցությունից: Այս մասին հայտարարել են ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը եւ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Նրանք առաջարկում են փոխարենը խորացնել համագործակցությունը Արեւմուտքի հետ, որտեղ բարձրագույն արժեք են օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը ի տարբերություն Ռուսաստանի, որի վերջին գործողությունները հերթական անգամ ապացուցեցին, որ նրան Հայաստանի դաշնակից համարելը սխալ է:

Ռոբերտ Քոչարյանի տան մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու մեջ մեղադրվող Հովհաննես Մուրադյանն այսօր տեղափոխվել է հոգեբուժարան՝ փորձաքննության անցնելու նպատակով: Նշենք, որ 32-ամյա երիտասարդի հայրը հայտարարել էր, որ որդին հոգեկան խնդիրներ ունի եւ հաշվառված է հոգեբուժարանում: Ավելի վաղ քննիչը միջնորդել էր կալանավորել Մուրադյանին, սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը:

Այսօր աննշան աճ է գրանցել միայն ռուբլու փոխարժեքը, իսկ դոլարը, եվրոն եւ ֆունտը էժանացել են: Եվ այսպես,  դոլարն այսօր արժեր 479, եվրոն՝ 541, ֆունտը՝ 688, իսկ  ռուբլին՝ 7.36 դրամ:

Ապրիլի 22-ին Հայաստանի տարածքում  սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 8-10 աստիճանով:  Երեւանում նույնպես վաղը կարճատև անձրև կտեղա: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի մինչև 8, իսկ վաղը ցերեկը՝ մինչև 20 աստիճան տաքություն։